ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Բավարիան» ու «Յուվենտուսը» հետևում են «Չելսիի» օրինակին

«Բավարիան» ու «Յուվենտուսը» հետևում են «Չելսիի» օրինակին
14.02.2017 | 10:20

Բունդեսլիգայի առաջին վեցյակը կազմածներից պարտությունից կարողացավ խուսափել միայն «Բավարիան», «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայությունում տանտերերը վերջապես դուրս եկան վերջին հանդիպումների անհաջողության մոգական շրջանակից ու դա շատ բաներում նաև շնորհիվ «Տոտենհեմի» անդեմ խաղի, «Մոնակոն» տոնեց հերթական խոշոր հաշվով հաղթանակը, առաջնության շրջանակում «Բարսելոնը» «Ալավեսի» հետ անցկացրեց Արքայական գավաթի համար ապագա մրցակցության միկրոփորձարկումը՝ տանտերերի համար տխուր ավարտով, իտալական առաջատար եռյակը տուրում նախապատվություն տվեց նույն հաշվով հաղթանակին:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բացառությամբ «Բավարիայի» ու «Լայպցիգի», եվրագոտում գտնվող թիմերն այնպիսի խտությամբ են հաջորդում իրար, որ ցանկացած մեկի վրիպումը հիմնովին կարող էր խմբագրել եղած դասավորությունը: Կարող էր, սակայն չեղավ, որովհետև, հանած «Բավարիային», փաստացի վրիպեցին բոլորը, թեպետ մյունխենցիներն էլ պակաս մոտ չէին միավոր կորցնելուն, ու դրանում իր ծանրակշիռ մասնակցությունը կարող էր ունենալ «Ինգոլշտադտը», որը 89 րոպե շարունակ հետ մղելով առաջնության առաջատարի գրոհները, այդուհանդերձ չկարողացավ դիմանալ վերջին 2-3 րոպեների փորձությանն ու հյուրերին զիջեց 0։2 հաշվով: Այս հաղթանակը ևս երեք միավորով ավելացրեց մյունխենցիների պոկվածությունը «Լայպցիգից», որը սեփական հարկի տակ միանգամայն անսպասելի զիջեց «Համբուրգին»: 0:2 հաշվով պարտության ժամանակ ջանալով գոնե հեղինակության գոլ խփել՝ տանտերերը բաց թողեցին և երրորդը:
Լևերկուզենում «Բայերից» նույնպիսի հաշվով պարտություն կրեց և «Այնտրախտը»՝ զբաղեցրած երրորդ հորիզոնականը պոտենցիալում պատրաստ լինելով զիջելու միանգամից երեք թիմի՝ Դորտմունդի «Բորուսիային», «Հոֆենհայմին», «Հերտային», սակայն երեքն էլ դաշտից հեռացան գլխիկոր: «Բորուսիան» ու «Հոֆենհայմն» արտագնայում 1։2 հաշվով զիջեցին «Դարմշտադտին» ու «Վոլֆսբուրգին», իսկ «Շալկեն» երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթեց «Հերտային»:
Հետաքրքիր է, որ յոթերորդ հորիզոնականից միանգամից երրորդ կարող էր ցատկ կատարել «Քյոլնը», սակայն «Ֆրայբուրգն» էլ սեփական պլաններն ուներ և ավելի նախանձախնդիր եղավ իր առջև ծառացած խնդրի լուծման մեջ՝ 2:1: Արդյունքում բունդեսլիգայի 20-րդ տուրը մրցաշարային աղյուսակի առաջին յոթ հորիզոնականում ամեն ինչ թողեց անփոփոխ՝ բացառությամբ նրանից, որ 49 միավոր վաստակած «Բավարիան» արդեն յոթ միավորով է առաջ մերձակա հետապնդողից՝ «Լայպցիգից»: 35 միավորով երրորդը «Այնտրախտն» է` հետապնդողների հսկա բանակով:

ԱՆԳԼԻԱ
«ՈՒոտֆորդի» նկատմամբ տոնած տնային հաղթանակից հետո «Մանչեստր Յունայթեդն» անպարտ հանդիպումների շարքը հասցրեց 16-ի, ինչը պրեմիեր լիգայի համար բացառիկ ցուցանիշներից է: Հատկանշական է, որ, չնայած կայուն մրցելույթներին, Մոուրինյոյի սաներին չի հաջողվում վեցերորդ հորիզոնականից ավելի վեր նայել:
Դառնալով խաղին՝ ուրախությամբ նշենք, որ հաշվի վերջնական ձևավորման գործում ծանրակշիռ ներդրում է ունեցել Հենրիխ Մխիթարյանը, ում անմիջական մասնակցությամբ են ծնվել հանդիպման գոլերը:
Նույն 2:0 հաշիվն էր լուսատախտակին նաև «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայությունից հետո, որտեղ, անկեղծ լինենք, հյուրերը հիասթափեցրին իրենց անատամ խաղով, մինչդեռ կարծես թե հենց նրանք էին լինելու ոսկու համար պայքարում «Չելսիի» գլխավոր մրցակիցը: Համենայն դեպս, մինչև «Լիվերպուլի» հետ այս կարևորագույն դիմակայությունը, իրողությունն այս լույսի տակ էր ներկայանում: Սակայն 2:0 հաշիվը միայն այս երկու հանդիպումների մենաշնորհը չեղավ: Նման ավարտ ունեցավ և «Արսենալ»-«Հալ Սիթի» մրցակցությունը, որտեղ ավելի հաջողակ էին տանտերերը, ովքեր առաջնության վերջին երկու խաղերը, այն էլ սեփական հարկի տակ, չափից դուրս վատ են անցկացրել՝ կրելով դառը պարտություն «ՈՒոտֆորդից» ու «Չելսիից»:
Տևական ընդմիջումից հետո վերջապես հայտնվեց մի թիմ, որ «Չելսիի», չէ, պորտը տեղը չդրեց, բայց և չթողեց արդեն սովորական դարձած երեք միավորին տեր դառնալ: Այդ թիմն աղյուսակի միջնամասերում գտնվող «Բյոռնլին» էր, որը գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ հաշվի հավասարությունը վերականգնել ու խաղը տանել խաղաղ հանգրվան:
Պրեմիեր լիգայի առաջին եռյակն ունի հետևյալ դասավորությունը՝ «Չելսի»՝ 60, «Տոտենհեմ» ու «Արսենալ» ՝ 50-ական միավոր: Սակայն երեկ ուշ երեկոյան կայացած «Բոռնմուտ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը (մանչեստրցիների հաղթելու դեպքում) կարող էր մրցաշարային աղյուսակում փոփոխություններ մտցնել՝ «Տոտենհեմ»-«Արսենալ» տանդեմին մղելով ավելի ներքև: «Քաղաքաբնակների» հաղթանակը կնշանակեր ակտիվում ունենալ 52 միավոր, որն արդեն ութով պակաս կլիներ չեմպիոնական մարզաշապիկների պատրաստման հայտ ներկայացնելու պատրաստ «Չելսիի» ունեցածից:

ԻՍՊԱՆԻԱ
Արքայական գավաթի եզրափակչում «Ալավեսին» մրցակից ստացած կատալոնցիներն առաջնության շրջանակում անցկացրին սպասվելիք դիմակայության գլխավոր փորձը: Այն ոչնչով մխիթարական չեղավ տանտերերի համար, ովքեր վեց անգամ հարկադրված եղան խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Իրենց հերթական գոլերով են խաղադաշտը լքել Լուիս Սուարեսն (երկու անգամ) ու Լիոնել Մեսին, ովքեր 18 ու 17 գոլով գլխավորում են Իսպանիայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
Աղյուսակը եզրափակող «Օսասունայի» հետ արտագնա խաղը հաղթական ավարտ ունեցավ Մադրիդի «Ռեալի» համար (3:1)՝ «սերուցքայիններին» շարունակելով վստահորեն պահել առաջին հորիզոնականում:
Տուրը հաջողակ եղավ և «Սևիլիայի» համար, որն արտագնայում մրցեց «Լաս Պալմասի» հետ: Անդալուզցիները տանտերերի համառությունը կարողացել են կոտրել խաղավարտից տասը րոպե առաջ՝ 1:0: Այսպիսով, «Բարսելոնին» Մադրիդի «Ռեալից» բաժանում է ընդամենը մեկ միավոր, սակայն 49 միավոր ունեցող «արքայականը» երկու խաղ պակաս է անցկացրել: «Սևիլիայի» միավորները 46-ն են:
Այստեղ թերևս հարկ համարենք նշել նաև սեփական դաշտում «Աթլետիկոյի» կամային հաղթանակը «Սելտայի» նկատմամբ ¥3:2¤. չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ֆեռնանդո Տորեսը: Ի դեպ, հաղթական գոլի հեղինակն Անտուան Գրիզմանն է: Մադրիդցիները 42 միավորով լա լիգայի չորրորդ հորիզոնականում են:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակը կազմածները 24-րդ տուրի իրենց հանդիպումները զարմանալի զուգադիպությամբ ավարտեցին նույն 2:0 հաշվով: Արտագնայում «Յուվենտուսն» ու «Ռոման» համապատասխանաբար պարտության մատնեցին «Կալյարիին» ու «Կրոտոնեին», «Նապոլին» սեփական հարկի տակ՝ «Ջենովային»: Առաջատարը շարունակում է մնալ «ծեր սինյորան»: Նրա ակտիվում է 60 միավոր, ու, ամենայն հավանականությամբ, մրցաշարը կավարտի հենց այդ տեղով: Իսկ, այ, երկրորդ-երրորդ տեղերի համար մրցակցությունը բացառիկ սուր է 53 միավոր ունեցող «Ռոմայի» (53) ու «Նապոլիի» միջև, որոնց իրարից բաժանում է ընդամենը երկու միավոր: Հետաքրքիր է, որ այս եռյակից ամենաքիչ պարտություն ունեցողը «Նապոլին» է՝ երեք անգամ:
Իհարկե, «փամփշտակալում» շարունակում են մնալ եվրագոտում գտնվող «Ինտերն» ու «Ատալանտան» ու նրանց հետ մերձ հարևանություն անող «Լացիոն», սակայն եռյակում հայտնվելու համար նրանց անհրաժեշտ է, որ վրիպումների ամբողջ մի շարք ունենան «Ռոման» ու «Նապոլին»:

ՖՐԱՆՍԻԱ
Մբապեի (երեք) ու Ֆալկաոյի (երկու) ջանքերով «Մոնակոն» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Մետցի» դարպասը՝ տոնելով հերթական խոշոր հաշվով հաղթանակը, ձեռքի հետ մերձակա հետապնդողների համար անմատույց պահելով դիվիզիոնի առաջին հորիզոնականը:
Խոշոր հաշվով հաղթանակի հեղինակ դարձավ և «Պարի Սեն Ժերմենը»՝ արտագնայում պարտության մատնելով «Բորդոյին»՝ 3:0։ Այստեղ երկու գոլ է հեղինակել Էդինսոն Կավանին, ով 25 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Առաջնության ոսկու համար առաջին երկուսին ձեռնոց նետած «Նիցցան» արտագնայում ուժերը չափեց «Ռենի» հետ: Տանտերերը ագրեսիվ սկսեցին հանդիպումն ու արդեն առաջին խաղակեսի միջնամասում հաղթում էին երկու գնդակի առավելությամբ, սակայն չկարողացան օրը դարձնել կատարյալ երջանիկ: Երկրորդ խաղակեսում «Նիցցան» վերականգնեց հաշվի հավասարությունը:
«Մոնակոն» ունի 58, ՊՍԺ-ն՝ 55, «Նիցցան»` 53 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ